Քննիչները փորձում են խոչընդոտել 18-ամյա Դավիթ Մինասյանի ազատ արձակմանը, որը ձերբակալվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո, հայտարարել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանի հետ միջադեպից հետո ազատազրկված Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարել է նախաքննության ավարտի մասին: Փաստաբանի կարծիքով՝ սա ցույց է տալիս, որ «նրանց նպատակն է կանխել Մինասյանի՝ Վերաքննիչ դատարանի կողմից ապրիլի 17-ին ազատ արձակման հնարավորությունը։
Մինասյանի և Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի 29-ի պատարագի ընթացքում։ Ըստ տեսանյութերի՝ նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել»։ Արդյունքում՝ քաշքշոց էր սկսվել։ Տեսանյութերից մեկում բարձրացված ձեռք էր երևում, իշխանական շրջանակները հայտարարել էին, որ այն ուղղված էր վարչապետին։ Մինասյանի փաստաբաններն ավելի ուշ տեսանյութ էին հրապարակել, ուր երևում էր, թե ինչպես է Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածում տղային։
Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը, վերջիններիս ազատ էին արձակել՝ գրավի ու բացակայելու արգելքի հիմքով։ Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, նրան ավելի ուշ հիվանդանոց էին տեղափոխել։
Ապրիլի 10-ին Մարտիրոսյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մերժել է Մինասյանի կալանքը փոխելու պաշտպանների միջնորդությունը։ Փաստաբանը հայտնել էր նաև Մինասյանի մոտ հաստատված ուղեղի ցնցման պատճառը՝ տեղեկացնելով, որ այն եկեղեցում Փաշինյանի անվտանգության աշխատակցի կողմից ստացած հարվածի հետևանք է։

























