ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության հայցն ընդդեմ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Armenia Today-ին հաստատեցին ԳԴ մամուլի ծառայությունից։
Հայցը ներկայացվել էր 2024 թվականի սեպտեմբերի 6-ին։ Արքեպիսկոպոսը 2023 -ին դատախազության ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձմամբ զբաղվող վարչություն էր հրավիրվել, այդ ժամանակ պաշտոնապես հայտարարվել էր՝ ուսումնասիրում են նրան պատկանող գույքը:
Կճոյանը նոյեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած հոգևորականների շարքում էր: Տասը եպիսկոպոսներն ու արքեպիսկոսները Փաշինյանի հետ հանդիպումից 3 օր անց կոչ էին արել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Արքեպիսկոպոսը նաև ներկա էր դեկտեմբերի 7-ին Շիրակի թեմում՝ Գյումրիի «Յոթ Վերք» եկեղեցում վարչապետի ներկայությամբ մատուցված պատարագին, որը թեմի հոգևորականները հրաժարվել էին մատուցել:
Նոյեմբերի 28-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ անցկացված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովի մասնակիցները հայտարարության տակ ստորագրած 9 եպիսկոպոսին հորդորել էին վերադառնալ կանոնական դաշտ՝ իրենց մտահոգություններն արծարծելով եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում և չխեղաթյուրել եկեղեցու միաբանությունը։




































