Ինդոնեզիայի Լումաջանգ շրջանում տեղի է ունեցել Սեմերու հրաբխի հզոր ժայթքում, ինչի հետևանքով ավերվել է 21 տուն, վնասվել 205 հա գյուղատնտեսական հողատարածք, հաղորդում է Jakartaglobe-ն:
Մոտակա գյուղի երեք բնակիչ լուրջ վնասվածքներ է ստացել։ Երեք գյուղի ավելի քան 500 բնակիչ ապաստան է գտել ժամանակավոր տարհանման կենտրոններում, որոնք տեղակայված են դպրոցների շենքերում:
Իշխանությունները հայտարարել են վտանգի բարձրագույն մակարդակ, տուժած շրջաններ է ուղարկվել 650 զինվոր՝ տեղի բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար: Xinhua News գործակալությունը հրապարակել է լուսանկարներ, որոնցից մեկում պատկերված է հրաբխի ակտիվ ժայթքման պահը։ Երկրորդ լուսանկարում երևում է, թե ինչպես է մոխրի մեծ արտանետման պատճառով ճանապարհներին խիտ «մառախուղ» առաջացել:
Սեմերուի ժայթքումն սկսվել է նոյեմբերի 19-ին։ Այդ ժամանակ հրաբուխը մոտ 2000 մետր բարձրությամբ մոխրի սյուն էր արտանետել, շրջանի կառավարությունը արտակարգ դրություն էր հայտարարել։





































