ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերին 1-ին Ազգային ժողովում քննադատել էր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ցուցաբերած աջակցությունը Ռուսաստանի հետ միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով, ինչպես նաև իշխանություններին առնչվող Ղուկասյանի հայտարարությունները:
Փաշինյանը շեշտել էր՝ Ղուկասյանին պետք է դուրս շպրտել քաղաքական և հանրային դաշտից, նրան մեղադրել ընտրակաշառք բաժանելու մեջ, իսկ նրա ընտրվելն անվանել «թյուրիմացություն»։ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն էլ հավելել էին, թե քաղաքապետն անելիք չունի Գյումրիում:
Ղուկասյանն ասել էր՝ չի մեկնաբանի իր հասցեին այս խոսքերը, որպեսզի չիջնի իշխանությունների մակարդակին, բայց հայտնել՝ մտադիր է դատի տալ ՀՀ կառավարությանը։ Հայաստանի Կոմունիստական կուսակցության Գյումրիի ավագանու խմբակցությունը սա որակել էր քաղաքական հաշվեհարդար Ղուկասյանի նկատմամբ՝ վարչապետի ուղիղ հանձնարարությամբ։
Հոկտեմբերի 4-ին Գյումրու օրվան նվիրված միջոցառմանը Ղուկասյանը քննադատել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարով ազատազրկելու որոշումը և դատական համակարգն անվանել «պիղատոսներ»։
Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են վերաբերվում կառավարության հայտարարություններին Ղուկասյանի վերաբերյալ, գո՞հ են քաղաքապետի աշխատանքից, և Գյումրիում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել վերջին շրջանում՝ Ղուկասյանի պաշտոնավարման օրոք։
Հարցվածների մեծամասնությունն ասել է, որ դեմ է Փաշինյանի հայտարարություններին, քանի որ Ղուկասյանին ընտրել է ժողովուրդը, և որ իրենք գոհ են քաղաքապետի աշխատանքներից: Նրանք վստահություն են հայտնել, որ այս ամենի հիմքում քաղաքական ենթատեքստ կա։
«Այդ մարդը սահմաններն անցել է, դիկտատորի փոքր տեսակ է դարձել, հույս ունենք՝ շուտով կավարտվի իր ժամանակահատվածը։ Ցնորքի մեջ է։ Ես՝ որպես քաղաքացի, եթե դժգոհ եմ լինում քաղաքապետից, իմ դժգոհությունն արտահայտում եմ, բայց քաղաքապետի լավ կողմերից մեկն այն է, որ լսելու ունակություն ունի։ Հնարավորություն կա մտնելու և հարցը շտկելու»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Հարցման մասնակիցների մի մասն էլ նշէլ է, որ չի հասկանում Փաշինյանի դիրքորոշումը:
«Ինչո՞ւ է Փաշինյանն ուզում հեռացնել Ղուկասյանին, ի՞նչ է արել այդ մարդը, մենք իրենից գոհ ենք»,- ասել է մեկ այլ քաղաքացի:
Քաղաքացիներից մի քանիսը կարծիք է հայտնել, որ վարչապետի հայտարարությունը, հավանաբար, հիմնավորված է։
«Դժգոհ եմ Ղուկասյանից, իր պաշտոնավարման օրոք ամբողջ մայթերը վաճառվեցին, կրպակներ տեղադրեցին»,- նշել է քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։





































