Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից ամեն ինչ փոխվել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, ժողովրդին դիմած ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թվարկելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների հիմնական կետերը՝ Փաշինյանը հայտարարել է, որ օգոստոսի 8-ից հետո «ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հարավային Կովկասում, բոլորովին նոր Հայաստանի Հանրապետությունում»:
Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են գնահատում այս հայտարարությունը, համաձա՞յն են արդյոք դրա հետ, զգո՞ւմ են, որ խաղաղություն է հաստատվել:
Քաղաքացիների մեծամասնությունը չի հավատում խաղաղությանն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ:
«Չէ, չեմ հավատում, ես գիտեմ, որ թուրքերի հետ բարեկամություն, խաղաղություն չի լինելու»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը:
Մեկ այլ մասնակից նշել է, որ նախկինում դրական փոփոխություն չկար, հիմա էլ նման ակնկալիք չունի:
«Չեմ կարծում, թե լավ ապագա է սպասվում»,- հավելել է նա:
Քաղաքացիներից մեկը նշել է, որ խաղաղությունը կեղծիք է:
«Ո՞ւր է, ինքը խաղաղությո՞ւն է բերում, խաբվել ենք մենք»,- շեշտել է նա:
Հայաստանի՝ խաղաղություն կառուցելու ազնիվ նկրտումներին քաղաքացիները հավատում են, սակայն Ադրբեջանի դեպքում՝ ոչ:
«Ես Թուրքիայի հետ խաղաղության երբեք չեմ հավատում»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը:
Հարցվածների մի մասն էլ նկատել է, որ բոլոր ժողովուրդներն էլ խաղաղություն են ուզում:
«Մենք բոլորս այդպես ենք ուզում, մենակ մենք չէ»,- ասել է նա:
Կային նաև քաղաքացիներ, որ հավատում էին Բաքվի հետ խաղաղությանը:
«Ամեն ինչ կփոխվի դեպի լավը: Հավատում եմ, ինչո՞ւ չէ, կարող է գալ մի ժամանակ, որ լինի խաղաղություն»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը:
Այս երկրի համար այլ տարբերակ չկա, սա էլ մեկ էլ քաղաքացու կարծիք է:
Մանրամասն՝ Armenia Today-ի տեսանյութում:

























