Կառավարությունը պարտադրել է իր PR-ի համար Ղազախստանից ներկրել 4-րդ կարգի ցորեն, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով ներկրող ընկերության իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ ներկրված 15 տոննա ցորենն ալյուր չի դարձել․ մի մասն օղու արտադրության մեջ են կիրառել, մյուս մասը՝ որպես անասնակեր։ Ներկրող ընկերությունը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին, նշել է թերթը։
ԶԼՄ-ն հավելել է, որ Ռուսաստանն այս իրադարձությունների ֆոնին բարձրացրել է ցորենի գինը, որի հետևանքները ՀՀ քաղաքացիները շուտով կարող են զգալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ին հայտարարել էր, որ ցորենի գնումը կատարել է ոչ թե ՀՀ կառավարությունը, այլ մասնավորը։
Ղազախստանի ազգային հացահատիկի օպերատոր «Պրոդկորպորացիա» ազգային ընկերությունը հայտնել էր, որ նոյեմբերի 8-ին Ղազախստանից Հայաստան ներկրված ցորենի առաջին խմբաքանակը բաղկացած էր 4-րդ կարգի պարենային ցորենից։ Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել էր Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Նոյեմբերի 6-ին ռուսական ցորենով բեռնված գնացքն էր ժամանել Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել էր, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսում է Ադրբեջանի տարածքով նոր երկաթուղային երթուղով Հայաստան ուղարկել ցորենով բեռնված ևս 132 վագոն:





































