ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սպառնացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը փոխանցել պետությանը։
«Նրանք իրենց ունեցվածքն են ուզում փրկել, որովհետև նրանց ունեցվածքի փրկելու ճանապարհը Հայաստան պետության չլինելն է։ Քանի Հայաստան պետությունը կա, Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ծառուկյանի տունը մինչև 2031 թվականը պետք է դառնա տարեցների խնամքի կենտրոն։ Փաշինյանը հավելել է, որ Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի տունը նախկինում փոխանցվել էր պետության սեփականությանը։
Փաշինյանը մայիսի 20-ին սպառնացել էր վերահսկողության տակ վերցնել Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը։ Նա նշել էր, որ ընկերությունը պետականացնելու գործընթացն արդեն սկսվել է, որից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր գործարանում խախտումների մասին։ Վարչապետի դիտողություններին ի պատասխան՝ Ծառուկյանը հայտարարել էր, որ իշխանությունները միայն հիմա՝ կառավարությանը քննադատելու ֆոնին են հիշել գործարանի մասին, որը նա ձեռք էր բերել գրեթե 20 տարի առաջ։ Նա ասել էր, որ իրեն զգուշացրել են իր սեփականությանն սպառնացող ռիսկերի մասին, բայց ընդգծել էր, որ մտադրություն չունի փոխել իր դիրքորոշումը։
Դատախազությունն ապրիլին հայտնել էր, որ ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից (ԲՀԿ առաջնորդի դուստր-խմբ․) բռնագանձված գույքի նկատմամբ, որոնց թվում են Առինջ գյուղի առանձնատան շուրջ 90%-ը, Ծաղկաձոր համայնքի հողամասը և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2000 հատ բաժնետոմս։



































