Հայաստանի կառավարությունն ընդլայնել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը՝ զինծառայողներին թույլատրելով հնգամյա պայմանագրի ժամկետի ավարտից հետո երկարաձգել ծառայությունը ևս 2 կամ 5 տարով։ Նոր պայմանագիր կնքելու համար առաջարկվում է վճարել պատվովճարներ՝ համապատասխանաբար 1,5 միլիոն և 5 միլիոն դրամի չափով, նշված է գործադիրի մայիսի 27-ի նիստում ընդունված որոշման մեջ։
Նախագծի համաձայն՝ պարտադիր ժամկետայինից պայմանագրայինի անցած և առաջին 5 տարվա պայմանագրի ավարտից հետո շարքային և սպայական կազմերի զինծառայողները կվարձատրվեն պատվովճարի նոր չափերով, հայտարարել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
Նա շեշտել է, որ 10 տարվա ծառայության ընդհանուր պատվովճարը նոր կարգավորմամբ կկազմի 10 միլիոն դրամ։
Փոխվել է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայության փոխադրվելու համար սահմանված ժամկետը։ Գործող 6 ամսվա փոխարեն պարտադիր զինվորական ծառայության 4 ամիսը լրացած զինծառայողներն արդեն կկարողանան դիմում ներկայացնել պայմանագրային ծառայության անցնելու համար։ Բացի պատվովճարից, նրանք կստանան աշխատավարձ, ատեստավորման հնարավորություն կունենան և կծառայեն իրենց նախընտրած կամ բնակության վայրին մոտ գտնվող վայրում։
Փոխնախարարի խոսքով՝ նախագիծն ուղղված է ծառայության գրավչությունը բարձրացնելուն, ինչը ենթադրում է ծառայողների թվի աճ։
«Ծրագրի մասնակիցների քանակը հասել է շուրջ 6000-ի, և մենք սրանով արդեն ավելի կմեծացնենք թվաքանակը»,- նշել է Սարգսյանը։
Զինծառայության մասին օրենքում մայիսի 11-ին կատարված փոփոխությունների համաձայն՝ խստացվել էին պայմանագրային զինծառայության դադարեցման հիմքերը հատկապես «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների համար։ Պայմանագրի միակողմանի լուծարում տեղի կունենա, եթե զինծառայողը մեկ տարվա ընթացքում 5 անգամ ստանա կարգապահական տույժ։
ՊՆ-ն 2022 թվականին ներդրել էր պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ «Պաշտպան հայրենյաց»-ը: Այն նախատեսում էր զինծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ժամկետը սահմանելով 5 տարի:


























