«Ուժեղ Հայաստան» դաշինքը նախատեսում է զինված ուժերի արդիականացման և վերազինման միջոցով հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել մինչև մեկ տարի, հայտարարել է դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը լրատվականների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ։
«Ընդամենը մեկ տարվա ընթացքում հասնելու ենք դրան, և մեր ժողովուրդը կտեսնի դա։ Ես գիտեմ որ նրանք տարածում են, թե նորից ավելացնելու ենք՝ դարձնելով երկու տարի, բայց հակառակն ենք անելու, մեկ տարի ենք դարձնելու ժամկետայինը՝ ունենալով ուժեղ բանակ, իհարկե»,- նշել է նա
Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում իշխանափոխությունից հետո «ոչ մի ցնցում չի լինի», և փոփոխությունները չեն վնասի քաղաքացիներին։
Կառավարությունը 2025 թվականի մայիսին հավանություն էր տվել նախագծին, ըստ որի՝ ովքեր ցանկանում են ծառայել 24 ամսից քիչ, կարող են որոշակի գումար վճարել պետբյուջե։ Մեկ ամսվա ծառայության դեպքում վճարը կլինի 24 մլն դրամ (62,5 հազար դոլար), իսկ 4 ամսվա ծառայության համար՝ 18 մլն դրամ (46,8 հազար դոլար)։
Հունվարի 1-ից Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվել էր մինչև 18 ամիս։
























