Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է տեղեկությունը, որ իր մասնակցությամբ պատարագներից առաջ պետական, այդ թվում՝ Ազգային անվտանգության միջոցով քահանաներին խնդրում են չհնչեցնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի անունը։
Փաշինյանը նշել է, որ քահանաներին այդ խնդրանքով դիմում են պաշտոնատարներ նաև իր աշխատակազմից։
«Երբ պատարագի մասնակցելու մտադրություն եմ ունենում, խնդրում ենք չհնչեցնել նրա անունը, քանի որ համարում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ (կաթողիկոսի ավազանի անունն է-խմբ․)։ Խնդրում ենք հաշվի առնել մեր դիրքորոշումը․ մի դեպքում դա կարող է լինել ծանոթ, բարեկամ, կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում՝ որևէ տեղում աշխատող չլինել, մյուսում՝ իմ օգնականը։ Դա կախված է՝ ով ում է ճանաչում և ինչ անձնական կապեր ունի»,- հայտարարել է նա։
Փաշինյանը համարում է, որ իր մասնակցությամբ պատարագների ժամանակ «եկեղեցին պետական պահպանության ենթակա օբյեկտ» է դառնում։
«Եկեղեցում իրականացվում են նաև անվտանգության գործողություններ, արվում են մարդկանց մոտեցումների, իրենց հայացքների վերլուծություններ՝ անվտանգությունն ապահովելու համար։ Ես ոչ թե իմ, այլ պետության, այդ թվում՝ այդ պահին այդտեղ գտնվող քաղաքացիների անվտանգության հարցն եմ առաջ քաշում»,- նշել է նա։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ կաթողիկոսի՝ ենթադրյալ զավակ ունենալու հանգամանքը պետության անվտանգության տեսանկյունից ռիսկեր ունի։
«Վնաս է այն տեսանկյունից, որ նման խոցելիությունները որոշ մարդկանց, այդ թվում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից կարող են հավաքագրվել։ Դրանք ռիսկեր են, որոնք առնչվում են պետական անվտանգությանը, և պետությունն այդ ռիսկերի նկատմամբ շատ ուշադիր պետք է լինի»,- հավելել է վարչապետը։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Վերջինը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին՝ Սուրբ Սարգիս եկեղեցում, որից հետո թե՛ Փաշինյանը, թե՛ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չէին պատասխանել Armenia Today-ի հարցին, թե ինչու է զեղչվել վեհափառի անունը։
Նոյեմբերի 30-ին եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։ Նրանց մեծ մասն ավելի վաղ ստորագրել էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հրաժարականը պահանջող հայտարարություն, ինչպես նաև մասնակցել էր Փաշինյանի հետ հանդիպմանը։
Կարդացեք նաև՝

























