Արցախից բռնի տեղահանվածներն ակցիա են իրականացրել Երևանում՝ Արցախի թեմի առաջնորդարանի դիմաց, և պահանջել են թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանից ներողություն խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը: Նա նշել է, որ թեմի առաջնորդարանի մոտ հավաքվածներին այդպես էլ չեն ընդունել, իսկ եպիսկոպոսն անգամ հեռախոսազանգերին չի պատասխանել։
Երիցյանի խոսքով՝ Վրթանես եպիսկոպոսը «բարոյական իրավունք չունի հանդիպելու այն մարդուն, ով պատասխանատու է Արցախի հանձման գործում»։ Իրավաբանը չի բացառել, որ արքեպիսոպոսի դեմ հնարավոր է կոմպրոմատներ լինեն, որոնց միջոցով շանտաժ են արել իրեն։
Երիցյանը հայտարարել է, որ ակցիայի մասնակիցներն ընդամենը հանդիպում են պահանջում սրբազանից՝ բացատրություն ստանալու համար։
«Արցախցիների հոգևոր առաջնորդը գնում է, ձեռք սեղմում, խոնարհվում այն մարդու առջև, ով Արցախը հանձնել է, ով Արցախը համարում է Ադրբեջան, ով թքած ունի մեր գերիների վրա, Արցախի էջը համարում է փակված, Մինսկի խումբ է լուծարում։ Նա եկեղեցու նկատմամբ արշավ է սկսում այն ժամանակ, երբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Շվեյցարիայում եկեղեցական համաժողովի ժամանակ բարձրացնում է դեպի Արցախ վերադարձի և գերիների հարցը»,- նշել է նա։
Փաշինյանի հետ հանդիպումը փաստաբանը համեմատել է Ադրբեջանի նախագահ Իլհամի Ալիևին հանդիպելու ու դրանից հետո Արցախի գաղափարներին հավատարիմ լինելու հետ։ Երիցյանն զգուշացրել է, որ այս հարցի հանդեպ անտարբերությունը կբերի անդառնալի հետևանքների։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին հանդիպել էր եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ, որոնք նախկինում, ըստ իշխանական լրատվամիջոցների, ստորագրել էին Մայր Աթոռի դիվանապետին դատապարտող հայտարարություն: Հանդիպմանը մասնակցել էին արքեպիսկոպոսներ Աբրահամ Մկրտչյանը, Առաքել Քարամյանը, Վազգեն Միրզախանյանը, եպիկոպոսներ Անուշավան Ժամկոչյանը, Վրթանես Աբրահամյանը, Նավասարդ Կճոյանը, Առաքել Տիգրանյանը, Գևորգ Սարոյանը։ Հանդիպմանը մասնակցած արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները նոյեմբերի 29-ին կոչ էին արել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։





































