Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կալանավայրում վատթարացել է, սակայն անկախ բժիշկներին չեն թույլատրում զննել նրան, հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Նա ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Ղուկասյանի կալանքի վայրում՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, իրեն ևս թույլ չեն տվել հանդիպել պաշտպանյալին։
«Այսօր ավելի վաղ արդեն տեսակցել էի Ղուկասյանին։ Նա ծանր և վտանգավոր առողջական վիճակում էր։ Լրջագույն մտահոգություն ունեմ նրա կյանքի, առողջության և ֆիզիկական անվտանգության համար։ Ինձ տեղեկացրել են, որ նրա խցում նոր անձինք են տեղավորել»,- նշել է նա։
Փոստանջյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկի ղեկավար Ռոբերտ Թամարյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և պաշտոնատար այլ անձինք հրաժարվում են որևէ տեղեկատվություն տրամադրել Ղուկասյանի պահման պայմանների, այդ թվում՝ նրա խցում պահվող անձանց մասին։ Իսկ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՔԿԲԿ ղեկավար Կամո Մանուկյանը հրաժարվում են տրամադրել որևէ բժշկական փաստաթուղթ կամ տեղեկատվություն՝ հղում անելով «բժշկական գաղտնիքին»։
Փոստանջյանը նշել է, որ նոյեմբերի 8-ից ի վեր՝ իշխանությունները չեն թույլատրում անկախ բժիշկներին զննել Ղուկասյանին։ Նա պահանջել է անհապաղ ապահովել իր՝ որպես պաշտպանի անսահմանափակ մուտքը Ղուկասյանի մոտ, անհապաղ թույլատրել անկախ բժիշկների մուտքը և նրա բժշկական զննությունը և ապահովել լիարժեք թափանցիկություն նրա պահման պայմանների և նրա խցում տեղակայված անձանց վերաբերյալ։ Փոստանջյանը դիմել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ ուշադրություն հրավիրելով այս գործողությունների վրա։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։
Հոկտեմբերի 26-ին Ղուկասյանին երկրորդ մեղադրանքն էր առաջադրվել Հայաստանի «ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի» համար։ Նոյեմբերին նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խուլիգանության հատկանիշներով։




































