2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, հայտարարել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահի խոսքով՝ նրանցից 3755-ը զինծառայող է, 78-ը՝ քաղաքացիական անձ։ Նաև անհետ կորած է 191 անձ, որոնցից 172-ը զինծառայող է, 19-ը՝ քաղաքացիական անձ։
«Այս թիվը պաշտոնապես վաղուց հրապարակված է, բայց այնքան են փորձել այլ թվերով հանրությանը ցավեցնել, դրա վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել, որ մեր իրականության մեջ այս թիվը, կարծես, նորություն լինի»,- ասել է նա։
2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և միջազգային վարձկանների ներգրավմամբ հարձակվել էր Արցախի Հանրապետության վրա։ 44 օր տևած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժը հրետանային և հրթիռային հարվածների էր ենթարկել Արցախի խաղաղ բնակավայրերը՝ կիրառելով նաև արգելված զինամթերք, ինչի մասին գրել էին միջազգային լրատվամիջոցները:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին երկարատև շրջափակումից հետո Ադրբեջանը կրկին հարձակվել էր Արցախի վրա, ինչի հետևանքով արցախցիները բռնի տեղահանվել էին Հայաստան։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը գերազանցել էր 4000-ը։






































