«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է 2026-ի խորհրդարանական ընտրություներին որպես վարչապետ մասնակցելու մասին և կոչով դիմել ՀՀ նախկին նախագահներին։
Նա հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններով հեռացնելու համար ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, իրենց ղեկավարած ուժերը չպետք է մասնակցեն առաջիկա ԱԺ ընտրություններին։
Նա հայտարարել է, որ Փաշինյանը սնվում է նախին նախագահներից և օգտագործում նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը։
«Ստացվել է այնպես, որ մեր երկրում առկա է փակ շղթա, որտեղ քաղաքական համակարգը երկու թև ունի։ Մեկը Փաշինյանն է, մյուսը նախկին նախագահների համակարգը։ Փաշինյանը պարզապես սնվում է նախկին նախագահներից, և այս երկու համակարգերն իրար ուժեղացնում են։ Փաշինյանը հենց այդպես էլ եկել է իշխանության՝ նախկին նախագահների ատելության վրա, նրանց ժամանակ թույլ տված սխալներից ելնելով, ու հիմա էլ երկիրը պահում է ատելության ու թշնամանքի այս փակ շղթայի մեջ»,- հայտարարել է Թաթոյանը։
Նրա խոսքով՝ այս երկու համակարգերը, նախկին նախագահները և Փաշինյանը, առանց իրար գոյություն ունենալ չեն կարող։ Թաթոյանը նաև հայտարարել է, որ քանի դեռ նախին նախագահները մասնակցում են ընտրապայքարի, առաջիկա ընտրություններում ընդդիմության միավորման հեռանկար չկա։
Թաթոյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու օրակարգի իր հիմնական ուղղությունները։
«Իմ օրակարգի հիմքում երեք հենասյուն է՝ ուժեղ պետություն, ուժեղ անվտանգություն, արդար երկիր։ Արտաքին քաղաքական բնագավառում խորացնելու ենք մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, որովհետև մեզ համար վստահելի գործընկեր է։ Վերցնելու ենք աշխարհի պետություններից լավագույնը, և ԱՄՆ-ն մեզ համար կարևորագույն նշանակություն է ունենալու այդ հարցում»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ՝ շեշտել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի վերացնելի ՀՀ-ի կախվածությունը մեկ շուկայից, մեկ երկրից։ Նա հավելել է, որ իր թիմով ամեն ինչ անելու է՝ վերացնելու Ռուսաստանի հետ ունեցած խնդիրները։
Թաթոյանը քաղաքականություն մտնելու մասին հայտնել էր հոկտեմբերի 6-ին, հոկտեմբերի 9-ին պաշտոնապես մեկնարկել էր «Միասնության թևեր» անվամբ քաղաքական նախաձեռնությունը։ Թաթոյանը 2016-2021 թվականներին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն էր:



























