Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման օրակարգի առաջխաղացումը, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Քննարկումներն ընդգրկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային կապի նախաձեռնությունների իրականացումը։ Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և համաշխարհային հիմնական զարգացումների վերաբերյալ և վերահաստատել Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության ոգին։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:
Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:






































