Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր Թբիլիսիում քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքները, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Դրանք ներառում են ինչպես ակտիվ քաղաքական երկխոսություն, այնպես էլ տնտեսական կապերի ու փոխկապակցվածության խորացում: Գործարար կապերի խթանման համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրների տարանցիկ ներուժի արդյունավետ իրացման ուղղությամբ գործադրվող ջանքերին։
Այս համատեքստում Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց կյանքի կոչման միջոցով ընձեռնվելիք նոր հնարավորությունները:
ԱԳՆ-ն հայտնում է, որ պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Միրզոյանին ընդունել է նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Անդրադառնալով Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու տրանսպորտային հաղորդակցությունների լիարժեք ապաշրջափակումը կնպաստեն տարածաշրջանի վերածմանն արդյունավետ տարանցիկ և լոգիստիկ հանգույցի։
Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ Միրզոյանը քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգի հարցեր։
Կողմերն ընդգծել են, որ Հայաստանին և Վրաստանին միավորում են ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունն ու ընդհանրությունները, երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքն, ինչպես նաև կայուն տնտեսական կապերը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումն, այդ թվում՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի իրականացումը տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների շրջանակներում կապահովեն փոխադարձ առավելություններ, և ինչն առավել կարևորն է՝ տարածաշրջանի երկրների համար խաղաղության, այլ ոչ թե հակամարտության շահավետություն ու հետևաբար՝ կայունություն»,- վրացի պաշտոնակցի՝ Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ հայտարարության ընթացքում ընդգծել է Միրզոյանը։






































