Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի անձնական իրերը վերադարձնելու միջնորդությունը, տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց նրա փաստաբան Աբգար Պողոսյանը։
Դատական նիստը վարում էր դատավոր Գարիկ Աբելյանը։ Ըստ փաստաբանի՝ դատավարական փուլի փոփոխություն տեղի չի ունեցել, քանի որ Կոչուբաևը մեղադրական եզրակացությունը չէր ստացել։ Պատճառն, ըստ պաշտպանի, այն է, որ նրա փաստաթղթերը գտնվում են ավտոմեքենայում, իսկ ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածքում է։
«Հատուկ պահպանվող տարածքում ոստիկանության պարեկային գունդը հրաժարվել էր ավտոմեքենան վերադարձնել՝ նշելով, որ վարույթ իրականացնող մարմնից համապատասխան գրություն է պետք, որով կհիմնավորվի, որ մեքենան առգրավված չէ կամ կարելի է վերադարձնել։ Այնինչ, վարույթով մեքենան որևէ իրեղեն ապացույց չէ և որևէ այլ նշանակություն չունի»,- պարզաբանել է Պողոսյանը։
Ըստ դատարանի որոշման՝ մեքենան և վարույթով իրեղեն ապացույց չճանաչված իրերը կվերադարձվեն, պարզաբանել է փաստաբանը։ Նրա փոխանցմամբ՝ դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին։
Փաստաբանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):
Դատարանը Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել էր տնային կալանքի, երբ հայտնի էր դարձել, որ նրա կնոջ առողջական վիճակը ծննդաբերությունից հետո կտրուկ վատթարացել էր, և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք։






































