Սիրիան կմիանա «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիային՝ նշանավորելով ԱՄՆ արտաքին քաղաքականության շրջադարձը Մերձավոր Արևելքում։ Այս մասին, ըստ BBC-ի, հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի հրապարակվում:
Այս հայտարարությանը հաջորդել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայիի այցն Սպիտակ տուն՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու նպատակով։ Սա Սիրիայի ղեկավարի առաջին այցն էր ԱՄՆ:
Fox News-ի Special Report հաղորդման ժամանակ ալ-Շարաան ասել է, որ այցը «նոր դարաշրջանի» սկիզբ է, որի ընթացքում երկիրը պատրաստվում է համագործակցել ԱՄՆ-ի հետ։ Թրամփն իր աջակցությունն էր հայտնել ալ-Շարաային: Հանդիպման արդյունքներով ԱՄՆ-ն մեղմացնում է Դամասկոսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և արտահանման վերահսկողության միջոցառումները:
Սիրիան կդառնա 90-րդ երկիրը, որը կմիանա գլոբալ կոալիցիային՝ նպատակ ունենալով վերացնել «Իսլամական պետության» մնացորդները և կանխել արտասահմանյան զինյալների հոսքը դեպի Մերձավոր Արևելք։






































