Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նշվում է, որ գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։
«Ցորենի մատակարարումը Հայաստան հնարավոր է դարձել Ադրբեջանի կողմից բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման արդյունքում, ինչը նպաստում է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնմանը և տնտեսական համագործակցության խթանմանը՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ղազախական ցորեն փոխադրելու որոշման մասին, ինչը ողջունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նոյեմբերի 6-ին ռուսական ցորենով բեռնված գնացքը ժամանել էր Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Հանքարդյունաբերության ոլորտի փորձագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Աշոտ Ֆարսյանը ժամանակավրեպ էր համարել խոսակցությունները, թե ղազախական ցորենի Հայաստան գալով հացի, ապա նաև այլ մթերքների գինը նվազելու է:































