Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբայր Գևորգ Ներսիսյանը և նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալված են և ցուցմունքներ են տվել, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Փաստաբանը հավելել է, որ նոյեմբերի 1-ին հրապարակված տեսագրությունը ներկայացրել են քննիչին: Նա նշել է, որ սպասում են դատարանի որոշմանը՝ նրանց կալանավորելու կամ ազատ արձակելու մասով։
«12 ժամվա ընթացքում պետք է դատարան դիմեն կալանքի համար կամ ազատ արձակեն»,- հավելել է Զոհրաբյանը։
Ավելի ուշ փաստաբանը տեղեկացրել է, որ քննչական մարմինը նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, և նիստը որոշ ժամանակ անց կսկսվի: Նա ընդգծել է, որ նրանց նկատմամբ քրհետապնդում հարուցելու որոշումը Քննչականն ու Դատախազությունը կայացրել են մեկ անձի ցուցմունքի հիման վրա:
«Հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքները և տեսագրությունը: Եթե այս ստանդարտն է գործելու, ապա պատկերացրեք, օրինակ, մեկ անձ հաղորդում տա և ասի, որ քննիչը, դատախազը կամ դատավորն իրենից կաշառք են պահանջել: Ի՞նչ եք անելու այդ ժամանակ»,- հավելել է փաստաբանը։
Նոյեմբերի 2-ին փաստաբանը հայտնել էր, որ նրանց ձերբակալելու որոշում է կայացվել Վաղարշապատի ընտրությունների «նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և խուլիգանության» մեղադրանքով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում ահազանգել էր «Հանրապետություն» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանը։
Փաստաբանը, հիմք ընդունելով հրապարակած տեսագրությունը, նշել էր, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, Ներսիսյանի որդուն տան դարպասի մոտ մի տղամարդ հրավիրել էր «Հանրապետություն» կուսակցության ժողովին։ Ըստ Զոհրաբյանի՝ նա հրաժարվել էր, ինչից հետո զրույցին միացել էր հայրը, և կարճ խոսակցությունից հետո նրանք խաղաղությամբ բաժանվել էին։
Նյութը թարմացվել է 11։15-ին։





































