Իրավապահ համակարգում չեն բացառում, որ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին հեռացնելու հարցն արդեն հասունացել է, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթը գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարկացրել է այն, որ Գյումրիում հարյուրավոր ոստիկաններից մի քանի ժամ է պահանջվել` «մի Վարդան Ղուկասյան» ձերբակալելու համար, մինչդեռ, ըստ նրա, «20-30 պրոֆեսիոնալը կարող էին գործը գլուխ բերել»։
«Վերջին մեկ ամսվա ընթացքում սա ՆԳՆ ղեկավարության երկրորդ լուրջ բացթողումն է»,- գրել է թերթը՝ մեջբերով իր աղբյուրներին։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանի ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ դժգոհ են Սարգսյանի աշխատանքից։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։






































