Հայաստանի ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ դժգոհ են Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի աշխատանքից,
գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ նրանք դժգոհ են ծառայության պայմաններից, աշխատանքի արդյունավետությունից և գերատեսչության քաղաքականացումից։
Ոստիկանությունը, նրանց խոսքով, հաճախ ստիպված է լինում գործել ոչ թե մասնագիտական խնդիրներից ելնելով, այլ քաղաքական որոշումների և իշխանությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների, սոցիալական ցանցերում նրա հրապարակումների և հատուկ հրահանգավորված հանձնարարականների ազդեցության տակ։
«Մենք ամեն ինչ անում ենք՝ վերևից եկող հանձնարարությունները կատարելու, հանցավորության դեմ պայքարի համար, բայց արդյունքում ո՛չ իշխանությունն է գոհ, ո՛չ հասարակությունը»,- պարբերականին պատմել է Հայաստանի ոստիկանության ղեկավարության ներկայացուցիչը:
Թերթի աղբյուրները պնդում են, որ նախարարը սահմանափակվում է տեսական գիտելիքներով և լավ չի կողմնորոշվում օպերատիվ կառավարման գործնական հարցերում։
Հանցավորության աճի պայմաններում ոստիկանության ղեկավար կազմի մի մասը դիտարկում է համակարգից դուրս գալու հնարավորությունը, նշում է թերթը:
Ավելի վաղ «Մեր ձևով»
շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոսել էր ընդդիմության դեմ ուժայինների գործողությունների ֆոնին հանցավորության աճի մասին: Նրա տվյալներով՝ թեև Հայաստանն ամենաանվտանգ երկրներից է, սակայն 2018 թվականից ի վեր երկրում առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 10 անգամ: 2018 թվականից մինչ օրս երկրում գրանցվել է 220 հազար հանցագործություն, հարուցվել են համապատասխան քրեական գործեր: Ընդ որում՝ նախորդ 7 տարիներին այդ ցուցանիշը կազմել է 100 հազար: