Գյումրիի քաղաքապետարանի 8 պաշտոնյա է ձերբակալվել, նրանց թվում է համայքի ղեկավար Վարդան Ղուկասյանը, տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեից հավելել են, որ նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «խոշոր չափերով կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու մեղադրանքներով»։
Ըստ հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։
«Պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով Գարեգին Նժդեհի փողոցի 1/9 հասցեում շուրջ 1500 մ² ինքնակամ շինության կառուցման մասին, որը ենթակա էր քանդման, քաղաքացու հետ նախնական համաձայնության են եկել կոռուպցիոն գործարքի վերաբերյալ։ Նրանք խոստացել են միջոցներ չձեռնարկել շինության քանդման ուղղությամբ, ինչպես նաև կեղծ փաստաթղթերով այն ներկայացնել որպես քանդված և նոր կառուցված, օրինականացնել շինությունը՝ դրա դիմաց պահանջելով 4 մլն դրամ կաշառք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «գլխավոր ճարտարապետը, համայնքի ղեկավարի հետ համաձայնությամբ, հանդիպել է քաղաքացու հետ՝ համաձայնության գալով շինությունն օրինականացնելու և կաշառքը փուլային եղանակով փոխանցելու վերաբերյալ»։
«Վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաև գլխավոր ճարտարապետի կողմից ևս 6 դեպքով ապօրինի գործողություններ կատարելու դիմաց մի շարք քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք-գումարներ ստանալու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հակակոռուպցիոն կոմիտեից նաև հայտնել են, որ «հանցավոր խումբը գաղտնիությունն ապահովելու նպատակով թիրախավորել է Գյումրիի ավագանու ոչ ցանկալի անդամներին՝ նրանց մասին տեղեկություններ հավաքելով ու շանտաժի փորձեր կատարելով»։ Բացի այդ, ըստ կոմիտեի, «համայնքի ղեկավարը փորձել է իր վերահսկողության տակ գտնվող հողամասը սեփականաշնորհել և մերձավորի ինքնակամ շինությունն օրինականացնել՝ կեղծ պաշտոնեական փաստաթղթերի միջոցով»։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում։ Հոկտեմբերի սկզբին Հայաստանի Կոմունիստական կուսակցության ավագանու խմբակցությունն ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որակել էր ուղիղ հանձնարարական՝ Ղուկասյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար սկսելու մասին։
Փաշինյանն ԱԺ-ում Ռուսաստանի հետ միութենական պետությանը սատարող Ղուկասյանի հայտարարության վերաբերյալ նշել էր, որ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին պետք է ուղղակի դուրս շպրտել քաղաքական և հանրային կյանքից»։
Կարդացեք նաև՝
Թյուրիմացությունը կշտկվի․ Փաշինյանը՝ Ղուկասյանի և Միութենական պետության նրա հայտարարության մասին
Չեմ իջնի իրենց մակարդակին․ Ղուկասյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու համար․ փաստաբաններ






























