Հռոմի պապ Լեոն XIV-ը հոկտեմբերի 20-ին սրբադասել է 7 նոր սրբերի, որոնց թվում է Հայոց ցեղասպանության նահատակ, արքեպիսկոպոս, Երանելի Ինգնատիոս Շուքրալահ Մալոյանը, տեղեկանում ենք Vaticannews-ից։
Նոր սրբերի շարքում են նաև Պետր Տո Ռոտը, Վինչենցա Մարիա Պոլոնին, Մարիա դել Մոնտե Կարմելո Ռենդիլես Մարտինեսը, Մարիա Տրոնկատին, Խոսե Գրեգորիո Էրնանդես Սիսներոսը և Բարտոլո Լոնգոն։
Պապը նշել է, որ նրանք «հավատքի լապտերը վառ են պահել» և օրինակ են բոլոր քրիստոնյաների համար։ Նա ընդգծել է, որ աշխարհն առանց հավատքի վերածվում է «հայր չունեցող երեխաների աշխարհի», որտեղ հույսն ու փրկության զգացումը մարում են։
Լեոն XIV-ը կոչ է արել հավատացյալներին միշտ աղոթել՝ հիշեցնելով, որ ինչպես շնչառությունն է պահում մարմինը կենդանի, այնպես էլ աղոթքն է պահում հոգին։
Սրբադասման պատարագին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարությունից տեղեկացրել են, որ սրբադասման արարողության ընթացքում ի պատիվ հայ արքեպիսկոպոսի, հնչել է նաև հայերեն աղոթք։ Գործադիրից հավելել են, որ միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։
Հայ արքեպիսկոպոսին սրբադասելու որոշումը Հռոմի պապն ընդունել էր ապրիլին։ Մալոյանը Մարդին քաղաքի հայ կաթոլիկների առաջնորդն էր, որը զոհվել էր 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Մալոյանը և նրա համախոհները մահապատժի էին ենթարկվել 1915 թվականի հունիսի 3-ին, երբ հրաժարվել էին ուրանալ իրենց հավատքը։ 2001թ. հոկտեմբերի 7-ին նրան օրհնել էր Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը:






































