Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին բռնության են ենթարկել ոստիկանության մեքենայում, որով տեղափոխել են Քննչական կոմիտե, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ թերթի՝ նրան մեքենայում հարվածներ են հասցրել։ Լրատվականի համոզմամբ՝ տվյալ գործողությունների տեսագրությունը հավանաբար պահպանած չի լինի։
Կոչուբաևի նկատմամբ հոկտեմբերի 16-ին հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու համար՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: Նա կալանավորվել էր 2 ամսով:
Նախքան ձերբակալվելը՝ փաստաբանը սոցիալական ցանցում անդրադարձել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորմանը՝ քննիչներին, դատախազներին ու դատավորներին անվանելով «հոգին սատանային վաճառած», «շան տղա»: Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասել էր, որ Կոչուբաևին ձերբակալել են դիմակավորված անձինք կոպտությամբ՝ «ֆաշիստական ձևով»:





































