Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել Մերձավանում՝ պահանջելով Մերձավանից վտարել համայնքի նախկին ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Մհեր Ախտոյանի ընտանիքին։
Գրիգորյանի հայրական տան դիմաց ակցիայի մասնակիցները Փարաքար խոշորացված համայնքի բնակիչների անունից ՀՀ կառավարությանն ուղղված հանրագիր են ստորագրել՝ պահանջով, որ դադարեցնեն Ախտոյանների բնակությունն իրենց համայնքի բնակավայրերում։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ «Մերձավանում տեղի ունեցածի հետ կապ ունեցողները չպետք է ապրեն համայնքում»։
Գրիգորյանի և ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով կալանավորվածներից մեկն Ախտոյանի հորաքրոջ որդին է՝ Նարեկ Օհանյանը, փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը, և մյուսը՝ նրա ընկերը՝ Հարությունյանը:
Ակցիայի մասնակից, Գրիգորյանի ընկեր Լևոն Օհանյանը տեղեկացրել է, որ ստորագրությունները կառավարությանը կհանձնեն մոտ օրերս։ Նրա խոսքով՝ պահանջը բխում է համայնքում լարվածությունը վերացնելու անհրաժեշտությունից։
«Դիմումը պայմանավորված է նաև բնակիչների կյանքի, առողջության, հասարակական կյանքի պահպանման անհրաժեշտությամբ»,- հավելել է նա։
Օհանյանը լրագրողներին հայտնել է՝ ակցիան ինքնաբուխ է՝ համայնքի բնակիչներն են, հարազատները։
«Մեր ներկայությամբ խնդիր ենք բարձրաձայնում՝ կա լարվածություն, որն այս պահին առկա է բնակավայրում»,- հավելել է Օհանյանը։
Վերջինս տեղեկացրել է, որ Ախտոյաններն այս պահին բնակավայրում չեն ապրում, բայց իրենց պահանջն է, որ նախկին ղեկավարի ընտանիքն այլևս չբնակվի համայնքում։ Ակցիայի մասնակիցները նաև հիշեցրել են, որ Ախտոյանն սպանության դեպքից 10 օր առաջ է հեռացել երկրից, ինչը, նրանց խոսքով, «պատահականություն չէ»։
Օհանյանը նաև անդրադարձել է ԶԼՄ-ների լուրերին, թե Մերձավանում Գրգորյանի և Ախտոյանի աջակիցների մեջ հաշիվներ պարզելու դեպքեր են լինում։
««Ռազբորկաների» մասին տեղեկություն չունեմ»,- ընդգծել է նա։
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Գրիգորյանի և Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին։ Երկու անձ կալանավորվել էր: Փետրվարին կալանավորվածներից մեկի՝ Օհանյանի եղբոր սպանության պատճառ դարձած կրակոցները հնչել էին Ախտոյանի տան մոտ։ Սպանության վարույթով տնային կալանքի տակ էր Փարաքարի սպանված համայնքապետի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։




























