Հիմնավոր կասկածներ ունենք, որ նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, կալանավորելու համար, հայտարարել է վերջինիս պաշտպանության խումբը։
Հայտարարությունը տարածել են փաստաբաններ Արամայիս Հայրապետյանը, Հովհաննես Ղարաքեշիշյանը և Զարուհի Փոստանջյանը։
Փաստաբանները շեշտել են, որ Գյումրու համայնքապետի նկատմամբ երկրի առաջին դեմքի (վարչապետ Նիկոլ Փաշինյանի-AT) գլխավորությամբ իրականացվող ճնշումների շրջանակում փորձ է արվում ոչ իրական հիմքեր ստեղծել, թե իբր Ղուկասյանը խախտել է իր նկատմամբ գործող՝ «տնային կալանք» խափանման միջոցի պայմանները։ Պաշտպանների պնդմամբ՝ Ղուկասյանը երբևէ չի խախտել խափանման միջոցի պայմանները։
«ՀՀ պրոբացիայի ծառայության կողմից ևս արձանագրվել է, որ Սպարտակ Ղուկասյանի վարքագծի հսկողության համար կիրառվող էլետրոնային սարքերն ունեն խնդիր, մասնավորապես՝ վերջինիս բնակության հասցեում՝ որոշակի հատվածներում, առաջանում է կապի կորուստ։ Հենց այս հանգամանքն էլ, հավանաբար, փորձ կարվի ներկայացնել որպես խափանման միջոցի խախտման հիմնավորում»,- ասվում է պաշտպանների հայտարարության մեջ։
Նրանք հավելել են, որ որպես ճնշման միջոց՝ որդեգրվել է այնպիսի անընդունելի վարքագիծ, ինչպիսին է ոստիկանության կողմից առավոտյան վաղ ժամերին, առերույթ կեղծ հիմքերով, Սպարտակ Ղուկասյանի ընտանիքին անհանգստացնելը, տուն ներխուժելու փորձերը։
Սպարտակ Ղուկասյանի պաշտպանական խումբը մտահոգություն է հայտնել իրավական գործիքակազմի՝ քաղաքականացված ու ապօրինի կիրառման գործելաոճի առումով, և իրավապահ մարմիններին կոչ է արել մնալ օրենքի և օրինականության տիրությում։
2025-ի սեպտեմբերի 11-ին Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին Սպարտակ Ղուկասյանի ձերբակալության և շորթման հատկանիշներով հարուցված քրեական վարույթի մասին։ Ավելի ուշ Ղուկասյանի որդու նկատմամբ դատարանը տնային կալանք էր կիրառել։




































