Սիրիայի իշխանությունները և քրդական դաշինքը՝ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF), համաձայնության են եկել Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան բոլոր ճակատներում հրադադարի շուրջ, հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրայի և SDF հրամանատար Մազլում Աբդիի միջև։ Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը և ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար Բրեդ Քուպերը նույնպես առանձին հանդիպումներ են ունեցել Սիրիայի ընտրված նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և SDF հրամանատարի հետ։
Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ տարածված հաղորդագրություններում ասվում էր, որ սիրիական բանակը Հալեպում SDF-ի կողմից վերահսկվող երկու տարածքները փակել է։ Դաշինքի խոսնակ Ֆարհադ Շամին կառավարական խմբերին մեղադրել էր Հալեպի քրդական վերահսկողության տակ գտնվող երկու տարածքներ տանկերով մուտք գործելու փորձի մեջ։
Սիրիայի իշխանությունները հայտնել են անվտանգության աշխատակցի մահվան մասին՝ անցակետի վրա հարձակման ժամանակ։ Միևնույն ժամանակ, SDF-ին կից քրդական ուժերը պնդում են, որ հետ են մղել կառավարական ուժերի հարձակումը։
Տեղական հայ համայնքի «Գանձասար» թերթը հայտնել էր հոկտեմբերի 7-ի գիշերը Հալեպի երկու թաղամասերում SDF-ի և կառավարական ուժերի միջև բախումների մասին։ Հրատարակությունը հայերին հորդորել էր մնալ տանը և զգոն լինել։
Մարտին SDF-ի ղեկավարությունը Դամասկոսում համաձայնագիր էր ստորագրել Սիրիայի պաշտոնական կառավարության հետ՝ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդական ինքնավար շրջանի բոլոր քաղաքացիական և զինված կառույցները պետական ինստիտուտների մեջ ինտեգրելու վերաբերյալ: Համաձայնագիրը չի գործում՝ կողմերի միջև շարունակվող անհամաձայնությունների պատճառով:





































