Մոլդովայի ընդդիմությունը չի ճանաչում նախօրեին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կբողոքարկի դրանք, ասել է «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Իլան Շորը, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Շորը հայտարարել է, որ տեղի ունեցածը ոչ թե ընտրություններ էին, այլ «պաշտոնի նշանակում»։
«Մենք, իհարկե, կբողոքարկենք բոլոր արդյունքները։ Անգամ չեմ խոսում այն մասին, որ մի շարք կուսակցություններ չեն մասնակցել ընտրություններին, քանի որ պարզապես որակազրկվել են»,- ասել է նա։
Շորը վստահեցրել է, որ ընդդիմությունը կոչ կանի մոլդովացիներին բողոքի ցույցերի, ինչը, նրա պնդմամբ, կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոլդովայի ընտրություններում նախագահ Մայա Սանդուի առաջնորդած եվրոպամետ «Գործողությունների և համերաշխության կուսակցությունը», նախնական տվյալներով, ստացել է ձայների մեծամասնությունը՝ 48%-ը։
Դիտորդները տեղեկացրել էին ընտրություններում 600-ից ավելի խախտումների, իսկ իրավապահ մարմինների տվյալներով՝ ոստիկանությանը հաղորդվել էր ավելի քան 200 խախտման մասին։





































