ՌԴ ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում` Վերին Լարսի անցակետում, հոկտեմբերի 1-ից կիրառվելու է մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգ (ГИС ЭПД), հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։
Էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս իրականացնել ՌԴ-ից ելքի ժամանակ Վերին Լարսի անցման կետ ժամանման օրվա և ժամի ամրագրում։
Ըստ կոմիտեի՝ ՌԴ գործընկերներն առաջարկում են, որ օտարերկրյա, ինչպես նաև ՀՀ ավտոմոբիլային բեռնափոխադրում իրականացնողներն էլեկտրոնային հարթակում նախապես իրականացնեն անձնական աշխատասենյակների և տրանսպորտային միջոցների քարտերի գրանցում։
Դրա համար անհրաժեշտ է՝ գրանցվել էլեկտրոնային հարթակում, հաստատել էլեկտրոնային փոստը և հեռախոսահամարը, ստանալ հաստատում՝ տվյալների ստուգումից հետո, ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթի պատճեն, և տվյալների ստուգումից հետո ստանալ հաստատում:





































