ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտարարել է, որ Գազայի հարցում առաջիկա օրերին առաջընթացի է սպասում, հայտնում է Reuters-ը:
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածաշրջանային երկրներին ներկայացրել է իրավիճակի հաղթահարման պլան։
«Մենք ներկայացրինք այն, ինչ մենք կոչում ենք Թրամփի 21 կետանոց խաղաղության պլան Մերձավոր Արևելքում և Գազայում»,- ասել է Ուիթքոֆը՝ հավելելով, որ այդ պլանը լուծում է բոլոր կողմերի բարձրաձայնած խնդիրները:
Երկուշաբթի հանդիպմանը Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Եգիպտոսի, Հորդանանի, Թուրքիայի, Ինդոնեզիայի և Պակիստանի կառավարությունների համատեղ հայտարարությունում ասված է, որ առաջնորդները «կրկնել են իրենց հանձնառությունը համագործակցել նախագահ Թրամփի հետ և ընդգծել նրա ղեկավարության կարևորությունը պատերազմի ավարտին հասնելու համար»։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում մի շարք երկրներ ճանաչել էին Պաղեստինի պետությունը, Իսրայելը քննադատել էր այդ որոշումը:






































