Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը, հայտնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Նշվում է, որ ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 2823 ընտանիք, որից 907-ն արդեն իրացրել է այն։
Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, ովքեր տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, ունեն ՀՀ քաղաքացիություն, չունեն սեփականություն, չեն հանդիսանում Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։
Կառավարությունն ավելի վաղ ընդունել էր Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիր։ Կառավարությունը ծրագրի մասնակիցներին կտրամադրի հավաստագրեր։ Armenia Today-ն ուսումնասիրել էր ծրագիրը և պատրաստել կարճ ուղեցույց, որը կօգնի արցախցի մեր հայրենակիցներին ծանոթանալ ծրագրի պայմաններին։



























