Թուրք պատգամավոր Ֆաթմա Աքսալը չի կիսում տեսակետը, թե «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղին» «Զանգեզուրի միջանցք» ներկայացնելով ու այդպես անվանելով Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ են դնում: Նա այս մասին խոսեց այսօր Երևանում, որտեղ մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին:
«Ո՛չ, դա տարածքային պահանջ չէ: Ոչ մեկը չի կորցնում խաղաղությունից, ոչ ոք դեռ չի շահել պատերազմից, և մեր կառավարությունների միջև կապերը, նախարարությունների միջև երկխոսությունները շատ կարևոր են: Եկեք սպասենք և լինենք լավատես»,- նշեց նա:
Աքսալը հավելեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ նոր էջ է բացվելու երկու երկրների, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման և զարգացման համար: Անկարան, նրա խոսքով, քաջալերում է խաղաղության գործընթացի մեկնարկը:
«Բոլորս օգուտ կքաղենք խաղաղությունից»,- վստահեցրեց նա:
Աքսալը համոզված է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կբերի ոչ միայն տարածաշրջանային խաղաղության, այլև տնտեսական համագործակցության նոր հնարավորությունների բացմանը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղին: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:



































