ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում հրապարակել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ լուսանկար՝ գրելով, որ «պատիվ էր օգնել՝ կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը»:
«Մեծ պատիվ էր օգնել՝ կարգավորելու Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը և միաժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների ու մարդկանց՝ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ: Դա ինձ համար, և որ ավելի կարևոր է, նաև Միացյալ Նահանգների համար հավերժական ընկերություն կլինի»,- գրել է նա։
Փաշինյանն, իր հերթին, արձագանքել է Թրամփի գրառմանը՝ կրկին շնորհակալություն հայտնելով նրան՝ «Ադրբեջանի հետ այդ պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չի հասել»:
«Վերահաստատում եմ իմ հանձնառությունը խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրականացման հետագա աշխատանքներին»,- գրել է նա:
Ադրբեջանի նախագահը ևս արձագանքել է Սպիտակ տան ղեկավարի գրառմանը՝ շնորհակալություն հայտնելով նրան հայ-ադրբեջանական գագաթնաժողովի համար Վաշինգտոնում:
«Դուք Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հավերժական բարեկամության և ձևավորվող ռազմավարական գործընկերության ճարտարապետն եք»,- գրել է Ալիևը սոցիալական ցանցում:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղին: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:






































