Երևանի քաղաքապետարանի մամուլի նախկին քարտուղար, լրագրող Հակոբ Կարապետյանը հաղորդում է ներկայացրել, որ դիմակավորված անձն իրեն ծեծել է, դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Քրեական վարույթը ՔԿ-ում նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ներգործությունը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 1 ամսով-AT): ՔԿ-ից հավելել են, որ կատարվում է նախաքննություն։
Կարապետյանը սեպտեմբերի 15-ին գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի տեսուչների կողմից ավտոբուսում մի կնոջ տուգանելու մասին ռեպորտաժը Ֆեյսբուքում կիսելուց ու քաղաքային իշխանության վերաբերյալ կից քննադատական կարծիքից հետո Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետի ժ/պ Ավետիք Բաբայանն իրենից «կեղտոտ ու անհարգալից բառապաշարով «հաշիվ է պահանջել»»։
Կարապետյանը նաև տեղեկացրել էր, որ Բաբայանն ավելի ուշ իր հետ կապ է հաստատել ու «սպառնացել է՝ ասելով՝ «տեղդ ասա, գամ, ոտերդ ջարդեմ»»։ Քաղաքապետարանի նախկին խոսնակը նշել է, որ հետո զրուցել է Բաբայանի հետ ու ասել, որ «լավ կլինի զբաղվի իր պարտականություններով»։ Այս ամենից 2 շաբաթ անց, Կարապետյանի խոսքով, դիմակավորված անձն իրեն հարվածներ է հասցրել, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել։
ՔԿ-ից հավելել են, որ Կարապետյանի մատնանշած սպառնալիքների առնչությամբ այս պահի դրությամբ հաղորդում չի ստացվել։
Armenia Today-ը Կարապետյանի գրառման մասով դիմել է նաև քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանին՝ պարզելու՝ Բաբայանի վերաբերյալ քաղաքապետարանում ծառայողական քննություն սկսվե՞լ է, կամ նրա հարցը քննարկվե՞լ է քաղաքապետարանի էթիկայի հանձնաժողովում։
Ի պատասխան՝ Կոստանյանը նշել է․ «Կճշտենք, կհասկանանք: Այս պահին միայն սա կարող եմ ասել»։
Ավելի ուշ ՀՀ ներքին գործերի նախարարությունից Armenia Today-ին տեղեկացրել են, որ դեպքի առնչությամբ ձերբակալված կա։ ՆԳՆ-ից հստակեցրել են, որ ծեծի ենթարկվելու վերաբերյալ ահազանգն ստացել են սեպտեմբերի 12-ին։
«Սեպտեմբերի 15-ին միջադեպի մասնակիցներից մեկը ձերբակալությունից հետո ներկայացվել է նախաքննական մարմին։ Հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաև դիմակավորված անձին դեպքի վայր հասցրած մեքենան»,- հավելել են ՆԳՆ-ից։
Հոդվածը թարմացվել է 13։17-ին։






































