Երբ կառուցում ես բնակարան, չպետք է պատերին ինչ-որ նկարներ ունենաս, որոնք կարող են հարևանի մոտ այլ էմոցիաներ առաջացնել, այսօր «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ժամանակ ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա պատասխանել է հարցին, թե անվտանգային տեսանկյունից ինչպե՞ս է Արցախից, Ցեղասպանությունից, Անկախության հռչակագրից մինչև Արարատի և Արագածի խոսույթներն ու դրոշմանիշից սիմվոլների հեռացումն ազդում ներքին դիմակայանության վրա:
«Մենք համոզված ենք՝ սա ճանապարհ է, որով անցնում ենք, որն անհրաժեշտ է մեր համապարփակ անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է ԱԽ քարտուղարը։
Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ բոլոր այս հարցերին հրապարակային անդրադարձ լինի, քանզի չկա որևէ գաղտնի գործընթաց (բանակցային գործընթացում-AT): Գրիգորյանը համոզված է, որ թեև կան քննարկումներ, սակայն հասարակությունն, ընդհանուր առմամբ, համակարծիք է:
Գրիգորյանը շեշտել է, որ դիմակայության շուրջ ազգային նարատիվը և՛ ձևավորման փուլում է, և՛ վերափոխման, և այդ ճանապարհին Երևանի անվտանգության սպառնալիքները ՀՀ իշխանություններին ստիպել են վերագնահատել սպառնալիքների հանդեպ մոտեցումները։
«Դրա հիմնական ձևն այդ սպառնալիքները քայլ առ քայլ հանելն է, որովհետև եթե շարունակենք սպառնալիք ստեղծելու ուղղությամբ մտածել, մեր անվտանգության համակարգն ավելի մեծ ծանրություն և բեռ կունենա»,- հավելել է նա:
Կառավարության սեպտեմբերի 11-ի որոշմամբ՝ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։ Իշխանությունից հայտարարել են՝ ՀՀ իշխանությունները նման որոշում են կայացրել, որպեսզի «վտանգավոր մեսիջներ չուղարկեն հարևան երկրներին»:
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երևանն ու Անկարան արդեն 3 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները:
1920 թվականի թուրք-հայկական պատերազմից հետո Արարատ լեռն անցել է Թուրքիայի տիրապետության տակ և Թուրքիայի պաշտոնական մասն է համարվում 1921 թվականին կնքված Մոսկվայի և Կարսի պայմանագրերով։





































