Հայաստանի իշխանությունները որոշել են նոյեմբերի 1-ից Արարատ լեռան պատկերը հեռացնել սահմանային անցակետերի կնիքներից, որ «վտանգավոր մեսիջներ չուղարկեն հարևան երկրներին», հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Անձնագրերում տպվող ՀՀ դրոշմակնիքը պետք է արտահայտի ՀՀ-ին վերաբերող պետական սիմվոլները, զերծ լինի նաև էմոցիոնալ, հուզական սիմվոլներից։ Մենք ամեն բան անում ենք, որ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ տարընկալումներ չլինեն։ Մեր հարևանների հետ հարաբերություններում հիմնվում ենք Ալմաթայի հռչակագրի վրա և, ուրեմն, մեր յուրաքանչյուր գործողություն որևէ կերպ չպետք է վտանգավոր մեսիջներ ուղարկի Հայաստանի հարևան պետություններին»,- ընդգծել է Հովհաննիսյանը։
ՔՊ քարտուղարը վստահեցրել է, որ այդ որոշման մեջ «ոչ մի դավադրություն չկա», ուստի «պետք չէ էմոցիոնալ և հուզական ֆոն տալ»։ Նա նաև մեկնաբանել է Արարատ լեռան պատկերը պետական զինանշանից հանելու հնարավորության մասին հարցը՝ շեշտելով, որ «նման քննարկում գոյություն չունի»։
Խորհրդարանական ընդդիմությունն իշխանության որոշման մեջ այլ՝ ՀՀ-ի շահերից չբխող և հակահայկական նպատակ է տեսնում։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես փորձում է հաճոյանալ Թուրքիային և Ադրբեջանին։
«Անվերջ կարելի է զարմանալ, թե ինչպես է Փաշինյանը պիոներական գերազանցիկությամբ պատրաստ հաճոյանալ Թուրքիային կամ Ադրբեջանին։ Այս որոշումը նույնպես Ադրբեջանին և Թուրքիային հաճոյանալու գործողություն է»,- հավելել է Մամիջանյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ Արարատ լեռան պատկերը սահմանային կնիքներից հեռացնելու որոշումն ինքնությունը ջնջելու քաղաքականության տրամաբանության մեջ է։
«Այդ որոշումը կարող է լինել միայն պարտադրանքի ներքո։ Այսինքն՝ այն մի կողմից պարտադրանք է, մյուս կողմից՝ կա նպատակ այնպես անել, որ թուրքերի համար լավ լինի»,- ընդգծել է Օհանյանը։
Փաշինյանը վերջին տարիներին իր ուղերձներում առաջ է տանում այն միտքը, որ երկրի քաղաքացիների համար Հայաստանի ամենաբարձր լեռը պետք է համարվի ոչ թե Արարատը, որը փաստացի գտնվում է Թուրքիայի տարածքում, այլ Արագածը:
Կառավարության սեպտեմբերի 11-ի որոշմամբ՝ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն 3 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները:
1920 թվականի թուրք-հայկական պատերազմից հետո Արարատ լեռն անցել է Թուրքիայի տիրապետության տակ և Թուրքիայի պաշտոնական մասն է համարվում 1921 թվականին կնքված Մոսկվայի և Կարսի պայմանագրերով։
Կարդացեկ նաև՝
Արարատի մասին դիսկուրսի ներքո Հայաստանը չի կարող մարտունակ բանակ ունենալ․ Փաշինյան
Արագածը ՀՀ-ում է, Արարատը ՀՀ-ում չէ, կա հստակ գծված սահման․ Փաշինյան





































