ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին Հայաստանն անվանել է «Ալբանիա»՝ խոսելով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցությունների մասին:
«Ես լուծել եմ անլուծելի պատերազմներ: Ադրբեջան և Ալբանիա: Դա տևում էր արդեն շատ, շատ տարիներ»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ խոսելով իր վարչակազմի կողմից հակամարտությունների կարգավորման մասին:
Թրամփը նշել է, որ Սպիտակ տան իր գրասենյակում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները նստել են միմյանցից հեռու, որից հետո նա կոչ է արել նրանց ավելի մոտ նստել:
«Ես ասացի՝ եկեք գրկախառնվենք և խաղաղություն կնքենք: Մենք լուծեցինք խնդիրը»,- եզրափակել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը կրկին պնդել էր, որ հենց իրեն է հաջողվել լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը, բայց իր ելույթում նա հազիվ էր արտաբերել Ադրբեջանի անունը և Հայաստանն անվանել էր «Ալբանիա»:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղին: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:






































