ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան-Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ նախաձեռնությանը: Վարկային ծրագիրը կազմում է 50 միլիոն եվրո, կառավարությունը պարտավորվում է համաֆինանսավորել ծրագրի իրականացման հետ կապված գործառնական ծախսեր:
Ծրագրի հիմնական նպատակն է Սյունիքի մարզում ապահովել թիրախային աջակցություն բազմաոլորտ ներդրումների միջոցով՝ արձագանքելով վերջին հակամարտությունների հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրներին: Ընդգրկված են մարզի այն համայնքները, որոնք զգալիորեն տուժել են պատերազմից՝ հատկապես կենտրոնանալով այն տարածքների վրա, որոնք հյուրընկալում են տեղահանված անձանց կամ վերականգնվում են հակամարտության հետևանքներից։
Ծրագրի շրջանակում կապահովվեն արդյունավետ տեխնիկական աջակցություն և կվերահսկվի ենթածրագրերի իրականացումն ու մոնիթորինգը (ենթածրագրերի վերջնական ցանկը կհաստատվի ԵՆԲ-ի կողմից՝ համապատասխան սքրինինգի արդյունքներով), որոնք նպատակաուղղված կլինեն ենթակառուցվածքների բարելավմանը, մասնավորապես՝ ջրամատակարարման, առողջապահության և կրթության ոլորտներում՝ համայնքի դիմակայունությունը և տնտեսական վերականգնումը խթանելու համար:
Նշվում է, որ ծրագիրը միտված է համապարփակ լուծումներ առաջարկել՝ ձևավորելու Սյունիքի մարզի դիմակայուն զարգացումը։
Ծրագրի հիմնական ներդրումային ուղղություններն են՝
- որակյալ առողջապահական և բժշկական ծառայությունների հասանելիության բարելավում,
- որակյալ տեխնիկական և մասնագիտական կրթության հասանելիության ընդլայնում,
- համայնքների և տնային տնտեսությունների ջրամատակարարման համակարգերի զարգացում։
Գործադիրը կդիմի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, ապա Ազգային ժողով:






































