Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի դպրոցի և Երևանի թիվ 131 դպրոցի «Արմաթ» աշխատանոցները ներկայացնող ճարտարագետ-մարզիկները Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի բաց մրցաշարի պատանիների տարիքային խմբում զբաղեցրեցրել են 1-ին տեղը, հայտնել է «Արմաթ»-ը։
Մրցաշարի ընթացքում մասնակիցները վաստակել են (մարզիչ-խմբավար՝ Շահեն Արաբաչյան) 162 միավոր՝ առաջ անցնելով ռումինական 3 Ways of Garbage և գերմանական JT-Innovators թիմերից, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը։
«Արմաթ» թիմը ներկայացրել է գազատար խողովակների վրա արտահոսք հայտնաբերող ռոբոտացված իր սարքը։
Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի բաց մրցաշարն աշխարհի տեխնոլոգիական ամենահեղինակավոր մրցույթներից է։ Այն անցկացվում է երկու փուլով։ Ազգային փուլում, որի հայաստանյան կազմակերպիչը «Քոնթեստ լաբ» կազմակերպությունն է, համապատասխան միավորներ վաստակած թիմերը պայքարը շարունակում են միջազգային փուլում։ Այս տարի առաջնությանը մասնակցել է 44 երկրի 214 մասնակից։






































