Երևանի Նաիրի Զարյան փողոցում՝ Արաբկիրի թաղապետարանի դիմաց գտնվող ժողովրդի կողմից օգտագործվող «Ազնավուրի սրճարան»-ի մոտ, «Իքս պլանետ» սրճարանի հարևանությամբ մի խումբ անձինք վիճաբանել են, ծեծկռտուք է տեղի ունեցել և կա վիրավոր, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ՆԳՆ-ն ահազանգն ստացել է սեպտեմբերի 7-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում։
Մինչ ոստիկանները դեպքի վայրում էին, «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հայտնել են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա։
Հիվանդանոց մեկնած Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 16-ամյա Վահան Ա․-ն է։ Պարզվել է, որ «Իքս պլանետ» սրճարանի մոտ երեխային է մոտեցել 2 անձ, ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցնել նրա մարմնի տարբեր մասերին և հնչեցրել հայհոյանքներ։ Դա տևել է շուրջ 20 րոպե։ Երեխային ծեծի ենթարկողներն են Երևանի բնակիչներ 59-ամյա Վարդգես Դ․-ն և 33-ամյա Ռոբերտ Դ․-ն։
Կայքի տեղեկություններով՝ նշված անձանց հետ 20-ից ավելի քաղաքացիներ կային, իսկ Վարդգես և Ռոբերտ Դ․-երը հայր ու որդի են, և նրանց է պատկանում «Ազնավուր» սրճարանը։ Նշվում է, որ մինչ այժմ ոստիկաններին չի հաջողվել հայտնաբերել նրանց։






































