2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է Պորտուգալիայի հավաքականին։
Խաղն ավարտվել է 0։5 հաշվով՝ հօգուտ Պորտուգալիայի։ Երկուական գոլ են խփել Կրիշտիանու Ռոնալդուն և Ժոաո Ֆելիքսը։ Մեկ գոլի հեղինակ է դարձել Ժոաո Կանսելոն։
Հանդիպումից հետո կայացած ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշել է, որ եթե թիմը պարտվել է 0։5 հաշվով, ուրեմն սխալներ են գործել բոլորը, առաջին հերթին՝ ինքը։
«Չեմ կարող ասել, որ ամեն ինչ ճիշտ եմ արել։ Բայց, ընդհանուր առմամբ, ստրատեգիան այսօրվա դրությամբ ինչ հնարավորություն ունեինք, չեմ սխալվել»,- ասել է նա։
Մելիքյանը նաև խոստացել է որոշ ժամանակ հետո «ուրախացնել ժողովրդին»։
Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 9-ին, Երևանում՝ Իռլանդիայի դեմ։
Խաղից առաջ քաղցկեղով հիվանդ Արեգն իրականացրել էր իր երազանքը՝ հանդիպելով պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ն ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Առաջին անգամ մրցաշարին կմասնակցի 48 հավաքական։






































