Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ՝ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում առաջին հերթի դասերը կմեկնարկեն առավոտյան 08:15-ին, հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նշվում է, որ այս որոշման նպատակը մայրաքաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթևացնելն է՝ հաշվի առնելով նաև ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպումը:
Նախարարը Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ քննարկում է ունեցել։
Անդրեասյանը նշել է, որ նոր ուսումնական տարին լինելու է հագեցած ու պատասխանատու, իսկ ոլորտի հիմնական շեշտադրումները կարվեն մշակութային կրթության և ապահով ու անվտանգ կրթական միջավայրի ապահովման ուղղություններով։
Նա տեղեկացրել է՝ այս տարվա սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության թանգարանում Լուվրի թանգարանի հետ համագործակցությամբ վեց ամսով կբացվի միջնադարյան քրիստոնեությանը նվիրված բացառիկ ցուցադրություն, որտեղ առաջին անգամ կներկայացվեն եզակի ցուցանմուշներ։ Նախարարը կոչ է արել դպրոցներին առավել ակտիվ ներգրավել երեխաներին այս և մյուս մշակութային ծրագրերում՝ դրանք դիտարկելով որպես ուսուցման տրամաբանական շարունակություն։
ԿԳՄՍ նախարարը դպրոցների տնօրեններին նաև հորդորել է սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում՝ պայմանավորված շոգ եղանակով և սպասվող բարձր ջերմաստիճանով:
«Խնդրում եմ միջոցառումները պլանավորել շենքերի ներսում. քանի դեռ բարձր ջերմաստիճանը պահպանվում է, ցանկալի չէ ունենալ ֆիզկուլտուրայի բացօթյա դասեր, այս ամբողջ գործընթացը կազմակերպեք դպրոցների ներսում»,- ընդգծել է նա։
Հանրակրթության նոր չափորոշիչն այս ուսումնական տարում ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում։






































