Բելառուսից արտահոսած ներքին շրջանառության փաստաթղթերը ցույց են տալիս, որ բելառուսական որոշ զինատեսակներ 2020թ. Ադրբեջանի կողմից կիրառվել են Արցախում հայ զինվորականների դեմ, այդ թվում՝ 11 ԱԹՍ է խոցվել, գրում է «Հետք»-ը:
Չնայած նույն դաշինքի՝ ՀԱՊԿ-ի անդամ լինելուն՝ զենք արտադրող բելառուսական «Տետրաէդր» մասնավոր ընկերությունը, վերջինիս արտահոսած էլեկտրոնային նամակների և ներքին զեկույցների համաձայն, օգնել է Ադրբեջանին թարմացնել իր հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը:
Արտահոսած փաստաթղթերը ձեռք են բերել Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) և վերջինիս գործընկերներ «Հետքն» ու «Բյուրո Մեդիան», որը հիմնել են վտարանդի բելառուս լրագրողները, նշում է ԶԼՄ-ն:
«Տետրաէդրի» ներքին զեկույցներից մեկում նշվում է, որ Ադրբեջանի թարմացված ՀՕՊ համակարգերն «ակտիվորեն կիրառվել են» 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ: Զեկույցում ասվում է, որ «Պեչորա-2ՏՄ» զենիթահրթիռային համալիրները (սրանք խորհրդային «Ս-125» համալիրի՝ «Տետրաէդրի» կողմից մոդեռնիզացված տարբերակն են) խոցել են հայկական 11 ԱԹՍ:
Ըստ այդմ՝ խոցումները կատարել են 3 (խոցել է 3 հատ ԱԹՍ), 2 (խոցել է 2 հատ ԱԹՍ), 28 (խոցել է 3 հատ ԱԹՍ) և 11 (խոցել է 3 հատ ԱԹՍ) գործարանային համարներով համալիրները:
«Հետք»-ը ՀՀ պաշտպանության նախարարությանը խնդրել է հայտնել՝ գերատեսչությունը հաստատո՞ւմ, թե՞ հերքում է «Պեչորա-2ՏՄ»-ով հայկական 11 ԱԹՍ-ի խոցման մասին ինֆորմացիան: Հղում անելով պետական գաղտնիքին՝ ՊՆ-ն տեղեկություններ չի տրամադրել:
«Տետրաէդրի» զեկույցի համաձայն՝ 2020թ. պատերազմի ժամանակ արկի պայթյունից մեկնարկային դիրքում աննշան վնասվածքներ է ստացել «Պեչորա-2ՏՄ» համալիրներից մեկը (գործարանային համարը՝ 14): X սոցցանցում էլ առկա է տեսանյութ, որին կից մեկնաբանության մեջ ասվում է, որ [հայկական] ԱԹՍ-ն հարվածում է «Պեչորա-2ՏՄ»-ի մարտկոցի կառավարման կենտրոնին, բայց, ըստ էության, ոչ թե ոչնչացնում է, այլ միայն վնասում, հավելել է պարբերականը:






































