Դատարանը երեք ամսով երկարաձգել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «իշխանությունը զավթելու փորձի» գործով մյուս մեղադրյալների կալանքը։ Դատական նիստը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի, «Սրբազան պայքարի» ակտիվիստ Արսեն Ղազարյանի և ընդդիմադիր «Կամք» կուսակցության առաջնորդ Վահագն Չախալյանի կալանքը նույնպես երկարաձգվել է երեք ամսով։ Դատարանը երեք ամսով տնային կալանքի է ենթարկել զոհված զինծառայող Արա Ռոստոմյանի հորը։ Նրան արգելվել է շփվել այլ մարդկանց հետ, հաղորդագրություններ ուղարկել կամ հեռախոսով խոսել։
«Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժման առաջնորդը մեղադրվում է «ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու» մեջ։ Արքեպիսկոպոսի և մյուս մեղադրյալների փաստաբանները բոյկոտել են դատական նիստը և չեն մտել դատարան։ Նրանք ընդգծել են, որ երեկվա նիստն ուղեկցվել էր լուրջ խախտումներով, և նման պայմաններում անհնար է խոսել արդար դատավարության մասին։ Նրանց խոսքով՝ ընդդիմադիրների գործով դատավորի բոլոր որոշումները «կանխատեսելի են»։
Կալանքը երկարաձգելու որոշման հրապարակումից հետո Գալստանյանը շնորհակալություն է հայտնել դատավոր Կարեն Ֆարխոյանին «ազնվության և առանց խաբեության դրսևորման» համար։
«Ես ինձ չափազանց լավ եմ զգում, որ այլ որոշում դուք չկայացրեցիք, որովհետև դա ինձ համար մահ կլիներ․ հայտնվել մի այնպիսի պայմաններում, որ մեր երկիրը հանձնված իրավիճակում է և հանկարծ դրսում լինեմ։ Այսպես կոչված՝ դրսում, ես հիմա ազատության մեջ եմ կատարյալ իմաստով։ Ես շնորհակալ եմ Ձեզ, որ իմ ազատության ժամկետը երկարացրեցիք։ Լիդիա Մանթաշյանի կալանավորումը երկարացնելուց հետո ես գետնի տակը պիտի մտնեի, ամոթ ինձ, եթե ես դուրս գայի այդ միջավայրից։ Շնորհակալություն Ձեզ, որ չարեցիք այդ քայլը»,- ասել է արքեպիսկոպոսը։
Գալստանյանը դատական նիստում նաև հայտարարել է, որ չի պատրաստվում արդարանալ կալանքը կրճատելու համար, այլ միայն ափսոսում է, որ այդքան ժամանակ է վատնվում։ Նա նշել է, որ գործում որևէ լուրջ հիմք չկա։
«Այնքան այս գործի տակ ոչ մի բան չկա, որ ձայնագրություններ են արել իմ ու Միքայել Սրբազանի խոսակցությունը, երկու եղբոր խոսակցություն, միգուցե նաև անձնական կյանքի խոստովանություն և բերել-կցել են մեր գործերին, ըստ մեր տեղեկության։ Այս սա է Ձեր որակը։ Ես ուղղակի խղճում եմ»,- նշել է Գալստանյանը։
Հունիսի 26-ի գիշերը դատարանը բավարարել էր քննչական միջնորդությունը՝ Գալստանյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։ Գործով կալանավորվել էին Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը, շարժման առաջնորդի օգնական Մովսես Շարբաթյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, զոհված զինծառայող Արա Ռոստոմյանի հայրը, ակտիվիստներ Լիդիա Մանթաշյանը և Աղվան Արշակյանը։ Ավելի ուշ դատարանը կալանավորել էր նաև գործարար Տիգրան Գալստյանին և Հրայր սարկավագ Հակոբյանին։





































