Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խումբը (ՄԽ) լուծարելու որոշման վերաբերյալ:
Նա շեշտել է, որ Մինսկի խմբի լուծարումը հակասում է ինչպես դրա մանդատին՝ հաստատված 1995 թվականի մարտի 23-ին, այնպես էլ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժնողովի փաստաթղթին։
«Տասնամյակներ շարունակ Մինսկի խումբը հանդիսացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ հարթակը։ Այս մեխանիզմը լուծարել առանց այն ժողովրդի ընտրված ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, որոնց համար ստեղծվել է, նշանակում է անտեսել մեր ձայնը և մերժել մեր դերը գործընթացում»,- ասվում է հայտարարության մեջ։
Դանիելյանը ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին կոչ է արել իրականացնել իրենց լիազորությունները, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում վետոյի իրավունքը՝ Մինսկի խմբի լուծարումը կանխելու համար, մինչև չստեղծվեն ամուր երաշխիքներ՝ Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն ապահովելու նպատակով։
Նա հիշեցրել է, որ այս իրավունքն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում և վերահաստատվել է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ։
Ըստ նրա՝ ցանկացած այլընտրանքային կարգավորում պետք է ապահովի հետևյալ հիմնարար սկզբունքները՝
• Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի ապահովում։
• Երկխոսության և բանակցային ուղիների վերականգնում, ինչպիսիք իրականացվում են Մինսկի խմբի կողմից։
• Արցախի ներկայացուցիչների լիարժեք ներգրավվածությունն իրենց ապագան որոշող ցանկացած քննարկման մեջ։
«Միջազգային ներգրավվածության վերջին հետքը վերացնելը՝ առանց հավաստի և ներառական այլընտրանքի, արմատավորելու է անարդարությունը և խաղաղությունը դարձնելու է ավելի անհասանելի»,- հավելել է Արցախի ԱԺ նախագահը։
Օգոստոսի 11-ին պաշտոնական Երևանը հայտնել էր, որ Հայաստանն Ադրբեջանի հետ համատեղ դիմում է հղել ԵԱՀԿ-ին՝ Արցախյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումբը լուծարելու մասին։ Երկու երկրների ԱԳ նախարարները Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները փակելու դիմումն ստորագրել էին օգոստոսի 9-ին՝ Վաշինգտոնում, երբ նախաստորագրել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը:
































