«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ գործարարի կալանքի երկարաձգման որոշման դեմ, հայտնել է գործարարի փաստաբանական խումբը։
Փաստաբանական խումբը վերահաստատել է գործարարի նկատմամբ «քաղաքական հետապնդման ակնհայտ և ուղիղ առկայության մասին վկայող անհերքելի տվյալները»։
Հունիսին «Տաշիր» խմբի ղեկավարն աջակցել էր Հայ Առաքելական եկեղեցուն՝ հոգևորականների հասցեին իշխանությունների քննադատությունների ֆոնին։ Դրանից հետո ՆԳՆ հատուկ ստորաբաժանումները խուզարկություններ էին իրականացրել Կարապետյանի Երևանի տանը։ Հունիսի 18-ին գործարարը երկու ամսով կալանավորվել էր՝ իբր իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով:
Հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։ Հուլիսի 14-ին գործարարը հայտնել էր նոր քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին։
«Տաշիր» խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի թիմի նախաձեռնած «Մեր ձևով» շարժումն առաջին փուլում լինելու է ապաքաղաքական, որպեսզի հնարավոր լինի հավաքել հնարավորինս լայն շրջանակի փորձագիտական կարծիքներ։ Միևնույն ժամանակ, նա բացառել էր համագործակցությունը նախկին իշխանությունների հետ:
Օգոստոսին Կարապետյանի շահերը ներկայացնող պաշտպանների խմբին էր միացել ամերիկացի փաստաբան, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Ամսթերդամը, որը գործարարի կալանքը որակել էր քաղաքական որոշում՝ ժողովրդավարության սկզբունքներին և միջազգային իրավական նորմերին հակասող։ Օգոստոսի 15-ին դատարանը 2 ամսով երկարաձգել էր Կարապետյանի կալանքը։
Կարդացեք նաև՝



























