«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է իր տանը կատարվող խուզարկությունը:
«Ուզում էին մասկի-շոու անել ու ինձ ձերբակալել։ Իսկ մարդիկ, հասարակ մարդիկ, որոնք հավաքվել էին բակում, հակահարված տվեցին»,- ասել է նա RT-ին։
Կարապետյանը հայտնել է նաև, որ այժմ փակ է Երևանի ամբողջ փողոցը, որտեղ գտնվում է իր տունը:
Armenia Today-ն ուղիղ հեռարձակում է իրականացնում Երևանի Ուլնեցի փողոցից, որտեղ Կարապետյանի տունն է գտնվում։ Տան մոտակայքում հավաքվել են նրա բազմաթիվ աջակիցները։
Ավելի վաղ Կարապետյանը մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Գործարարի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտնել էր, որ ավելի քան 45 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներով։ Նա նաև չի բացառել, որ գործարարին կարող են ձերբակալել։