ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում աջակցություն են հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունների շարունակությանը, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը:
Հեռախոսազրույցը կայացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Թրամփի վաշինգտոնյան հանդիպումից հետո: Սպիտակ տան ղեկավարը Պուտինի հետ զրուցել է Զելենսկիի և եվրոպական մի շարք երկրների առաջնորդների հետ կայացած բանակցությունների մասին։
Այս համատեքստում, ըստ Կրեմլի, մասնավորապես, քննարկվել է այն գաղափարը, որ անհրաժեշտ է ուսումնասիրել ուկրաինական և ռուսական կողմերի ներկայացուցիչների մակարդակի բարձրացման հնարավորությունը․ խոսքն այն ներկայացուցիչների մասին է, ովքեր մասնակցում են կողմերի ուղիղ բանակցություններին։
Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները՝ Ուկրաինայի հարցի և միջազգային ու երկկողմ օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ։
Թրամփը Զելենսկիի հետ հանդիպմանը Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորության վերաբերյալ վստահություն էր հայտնել։ Թրամփը նշել էր, որ Անքորիջում Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպումը լավ է անցել, և կա արդյունքներ ստանալու հնարավորություն։ Զելենսկին ասել էր, որ պատրաստ է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հետ եռակողմ հանդիպման։






































