ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի և եվրոպական մի քանի երկրի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև տարածքների հնարավոր փոխանակման շուրջ քննարկման մասին:
«Պետք է քննարկենք տարածքների հնարավոր փոխանակումը՝ հաշվի առնելով շփման ներկայիս գիծը»,- մեջբերում է Թրամփի խոսքերը «Կոմերսանտը»:
Ըստ Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ընդունել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն Ալյասկայում կայացած բանակցությունների ժամանակ: Թրամփը Կիևին նման երաշխիքներ տրամադրելու համար եվրոպական երկրների առաջնորդներին կոչ է արել քննարկել, թե ի՞նչ են պատրաստ առաջարկել:
Նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները և Եվրոպան պլանավորում են ապահովել Ուկրաինայի առավելագույն անվտանգությունը: Նա նաև նշել է, որ չի հավատում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հետագա ագրեսիայի սպառնալիքին: Թրամփը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հեռանկարները պարզ կդառնան մեկ կամ երկու շաբաթից:
Հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատրաստ է տարածքային հարցերը քննարկել Թրամփի և Պուտինի հետ եռակողմ հանդիպման ժամանակ: Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահի հետ նախորդ երկկողմ բանակցությունները շատ լավ և կառուցողական են անցել:
Միաժամանակ, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպման մասնակիցներին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա: Նրա խոսքով՝ սա Ուկրաինայում արագ հրադադարի հասնելու միակ միջոցն է:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Ուկրաինայում հրադադար հաստատել մինչև ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքները պետք է ներառեն հզոր ուկրաինական բանակի պահպանումը:
Օգոստոսի 18-ին Թրամփը երկկողմ հանդիպում էր ունեցել Զելենսկու հետ: Վաշինգտոնում կայացած բանակցությունների շարքին նախորդել էր օգոստոսի 16-ին Պուտինի և Թրամփի հանդիպումն Ալյասկայում։ Հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին, որ համաձայնության են եկել Ուկրաինայի վերաբերյալ որոշ կետերի շուրջ, սակայն մի շարք հարցերի վերաբերյալ դեռևս համաձայնություն չկա: Ավելի ուշ լրատվամիջոցները հաղորդել էին Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ռուսական առաջարկի մասին:




































